Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Լիսկայի ճանապարհը բաց են պահում
Սյունիքի մարզպետի ձերբակալված որդուն կալանավորել են՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Մի կողմից՝ այս տեղեկությունը անսովոր է հնչում, քանի որ Լիսկայի որդուն չեն խնայում, գոնե առայժմ, սակայն մյուս կողմից էլ՝ առայժմ կա հասարակական լայն արձագանք, և խնայելը մի քիչ դժվար է, գոնե առերևույթ: Իսկ ինչ կլինի մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս անց, երբ հասարակական աղմուկը որոշակիորեն նվազի: Նման հավանականությունը բավական մեծ է, որովհետև Հայաստանում կա մի ուշագրավ հանգամանք՝ բոլոր հասարակական-քաղաքական խնդիրներին արձագանքում է հիմնականում նույն ակտիվը, նույն կոնտինգենտը: Իսկ քանի որ Հայաստանում խնդիրները բազմազան են, և պարբերաբար ծագում են նորերը, հաճախ նաև շեղելու նպատակ ունեցող, հասարակության այդ ակտիվ կորիզը պարզապես չի հասցնում թեժ պահել բոլոր ուղղությունները միաժամանակ: Լիսկայի որդու մասով, ամենայն հավանականությամբ, իշխանությունները կսպասեն այդ թեժացման նվազմանը, որից հետո որդին կա՛մ ազատության մեջ կհայտնվի՝ ինչ-որ ձևակերպմամբ, եթե, իհարկե, ընդհանրապես ազատազրկվի, կա՛մ էլ բանտում նա կապրի արքայավայել կյանքով, միանգամայն ապահով՝ մինչև կգա ազատ արձակվելու ժամանակը: Եթե Լիսկայի որդին մարդասպան է, եթե իսկապես նա է կրակել, ինչպես մամուլի տարբեր միջոցներ են գրում, ապա նույնիսկ այդ դեպքում, մեղմ ասած, քիչ հավանական է, որ Լիսկայի որդուն մարդասպանության համար ցմահ բանտարկեն: Բոլոր դեպքերում հերթական աղմկոտ գործի պարագայում էլ հասարակության արդարադատության սպասումները մեծ չեն, որովհետև իշխանությունները դեռևս ոչ մի դեպքում արդարադատության լիարժեք օրինակ չեն մատուցել հասարակությանը: Սակայն հարցը միայն արդարադատության օրինակը չէ: Չկան նաև բարոյականության լիարժեք օրինակներ, ինչի մասին է վկայում Սյունիքի մարզպետի հայտարարության, ըստ էության, անբարո տեքստը: Որովհետև բարոյականության հետ, մեղմ ասած, խնդիրներ պետք է ունենալ այդ ամենից հետո պաշտոնից ոչ թե հրաժարվելու, այլ պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու համար: Եվ վերադասներն էլ, որոնց հետ Լիսկան համաձայնեցրել է իր հայտարարությունը և որոշումը, նույնպես պետք է խնդիրներ ունենան բարոյական չափանիշների և չափորոշիչների հետ կապված, որպեսզի նրան ոչ թե պարզապես ցմահ հեռացնեն պետական կառավարման անգամ ամենաստորին օղակից, այլև թույլ տան ժամանակավոր կասեցնել լիազորությունները: Այսինքն՝ ակնհայտ է, որ Լիսկան չի ենթարկվել իր վերադասների բարոյական ճնշմանը, նրանք Սյունիքի սառեցված մարզպետի առաջ չեն դրել անհապաղ հրաժարականի խնդիր: Սա նշանակում է, որ ի դեմս Լիսկայի հայտարարության՝ այստեղ առկա է ընդհանուր իշխող համակարգի բարոյականության ճգնաժամը: Համակարգն ունեցել է բազմաթիվ առիթներ՝ հանրությանն իրավականության և բարոյականության լիարժեք օրինակներ ի ցույց դնելու համար, բայց չի օգտագործել դրանք: Նույնը արդեն իսկ առկա է Սյունիքի մարզպետի պարագայում: Նրա հայտարարությունն արդեն իսկ միջադեպի առնչությամբ իշխանության, այսպես ասած, թերի վերաբերմունքի դրսևորում է, որովհետև խնդիրը այսպիսի դեպքերում ամենևին չի տեղավորվում միայն իրավական շրջանակում: Դրանից ոչ պակաս է բարոյականը: Իրավական և բարոյական ասպեկտները պետք է առաջ գնան զուգահեռ՝ հետդարձի ճանապարհը փակելու համար: Իսկ քանի դեռ այդպես չէ, նշանակում է, որ Լիսկայի հետդարձի ճանապարհը իշխանությունը բաց է պահում: Ու արդեն կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով հետդարձի, որովհետև դե ֆակտո ռեաբիլիտացիայի պարագայում դե յուրե կարգավիճակն արդեն տեխնիկական հարց է: Մենք ունենք այդպիսի մի քանի թարմ օրինակներ: Եղիազար Այնթապցի Աղբյուրը: http://oratert.do.am/news/liskayi_twanaparhy'_bac_en_pahowm/2013-06-04-141 | |
Դիտումներ: 517 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |