Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններից մեկում ավարտվում են ռեակտիվ արկերի արտադրության համար հոսքագծի բացման աշխատանքները,-ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում («Բաքուն ընդլայնում է ռազմական ներուժը» վերտառությամբ հոդվածում) գրում է Սոհբեթ Մամեդովը:- Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության տվյալներով՝ նախագիծն իրականացվում է թուրքական Roketsan ընկերության հետ համատեղ: Roketsan-ի աղբյուրների համաձայն՝ թուրքական ընկերությունն արտադրելու է միայն շարժիչները, իսկ զինամթերքի մյուս մասերի արտադրությունը և 107 և 122 մմ տրամաչափի հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում»:
Թուրք-ադրբեջանական արտադրության 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը, հրապարակման համաձայն, կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային «Գրադ» տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: 107 մմ տրամաչափի հրթիռների արդյունավետ հեռավորությունն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության նմանօրինակ հրթիռների հեռահարությունը:
«Հարկ է նշել, որ ծրագրի իրականացումը վկայում է ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հաջող գործունեության մասին: Նախարարության ռազմավարությունն ուղղված է ժամանակակից և հզոր արտադրական բազայի ստեղծմանը և ազգային բանակը ժամանակակից տեխնիկայով և սպառազինություններով ապահովելուն:
Մամեդովն այնուհետ հավելում է, որ զենք ու զինամթերքի արտադրությանը զարկ տալուն զուգահեռ Բաքուն տարեցտարի ավելացնում է ժամանակակից ռազմական տեխնիկայի և սպառազինության գնման ծավալները: «Ռազմական ոլորտի ուսումնասիրություններով զբաղվող հեղինակավոր պարբերարականների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2003-2007 և 2008-2012թթ. Արևելյան Եվրոպայի երկրների կողմից ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման ծավալները 21 տոկոսով աճել են, և դա տեղի է ունեցել հիմնականում Ադրբեջանի հաշվին, որը տարածաշրջանի միակ երկիրն է, որ 155 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը` զենք ներկրողների համաշխարհային առաջատարների ցուցակի 48-րդ հորիզոնականից հայտնվելով 35-ում: Նման թռիչք Ադրբեջանն արձանագրել է նաև պաշտպանական ոլորտի հատկացումների վարկանիշային աղյուսակում. Ադրբեջանի 2013 թ. բյուջեում ռազմական ծախսերի համար հատկացվել է 3 մլրդ 700 մլն դոլար,-գրում է նա: Պաշտոնական Բաքուն երկրի պաշտպանունակության ամրապնդման համար այդքան միջոց հատկացնում և ազգային բանակի ներուժն ընդլայնում է ղարաբաղյան հակամարտության պատճառով»:
Աղբյուրը: http://oratert.do.am/news/baqown_y_39_ndlaynowm_e_39_ir_r_39_azmakan_nerowjhy_39/2013-05-29-106 | |
Դիտումներ: 580 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |