20:58 Վահագն Չախալյանի եղբայրը կալանավորվեց 2 ամսով | |
Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին, այսօր վրացական դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Վահագն Չախալյանը և նշեց, որ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել իր որոշումը, պարզապես արել է այն, ինչ պահանջել է դատախազությունը:
«Պաշտպանվող կողմի այն առաջարկությունը, որ գրավի դիմաց բաց թողնեն, չբավարարվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ոստիկանությունը հատուկ ջոկատայինների և սև բերետավորների հետ ձերբակալել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանին: Արմեն Չախալյանը մեղադրվում է «Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ»:
Նա տեղեկացրեց, որ միջադեպի առնչությամբ ձերբակալված մյուս երեք անձինք ազատ են արձակվել: Մեր այն հարցին, թե դիտավորություն չի տեսնում այն բանի մեջ, որ բոլորին ազատ են արձակել, իսկ իր եղբորը կալանավորել, նա ասաց, որ ուրախ է մյուսների համար, սակայն իր համար միանշանակ է, որ իր եղբայրն անմեղ է և կապ չունի կատարվածի հետ:
«Կռվին սկզբից ներկա չի եղել, հետո գնացել է, բաժանել է կռիվը, ասել է, որ չկռվեն: Ոչ մեկը չի ասում, որ այդ մարդը իրեն խփել է»,-ասաց նա:
Վահագն Չախալյանը նշեց, որ կատարվածի մեջ ինքը միանշանակ քաղաքական ենթատեքստ է տեսնում, իսկ մնացածը՝ ժամանակի ընթացքում կբացահայտվի:
«Ոչ թե նոր իշխանություններն են անում, այլ Սաաակաշվիլու թափթփուկները դեռևս իրենց իշխանությունը չեն կորցրել Ջավախքում»,-ասաց նա:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |