09:20 Ստամբուլում ցուցարարներին ցրել են ողջ գիշեր | |
Ստամբուլի ոստիկանությունը հունիսի 11-ի երեկոյան կրկին արցունքաբեր գազ եւ ջրցաններ է կիրառել Թաքսիմ հրապարակում ցուցարարներին ցրելու համար: Ի պատասխան ցուցարարները ոստիկանների վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ուշ երեկոյան ոստիկանները ներխուժել են Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգում տեղակայված վրանային ճամբարի տարածք: Անկարգությունները շարունակվել են նաեւ հունիսի 12-ի առավոտյան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հունիսի 11-ի երեկոյան Ստամբուլի նահանգապետը հայտնել էր, որ ոստիկանների գործողությունները Թաքսիմ հրապարակը բողոքի ցույցի մասնակիցներից ազատելու ուղղությամբ «կշարունակվի գիշեր-ցերեկ, քանի դեռ այն չի մաքրվել եւ հրապարակը չի վերադարձվել բնակիչներին», հայտնում է Reuters-ը: Թաքսիմ հրապարակից ցուցարարներին ցրելու գործողությունն սկսվել էր հունիսի 11-ի վաղ առավոտյան: Մինչ այդ մի քանի օր ոստիկանությունը չէր միջամտում հրապարակի իրադարձություններին: Հրապարակը ցուցարարներից մաքրելուն ոստիկանությունը ձեռնամուխ է եղել, երբ Էրդողանը հայտարարել էր բողոքի շարժման առաջնորդների հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին: Հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին: Կկայանա արդյոք այն տվյալ հանգամանքներում, դեռ հայտնի չէ, գրում է NR2.ru-ն: Հիշեցնենք, որ Թուրքիայում անկարգությունները սկսվել էին, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել էր Թաքսիմ հրապարակում «Գեզի» այգու պաշտպաններին: Ավելի ուշ բողոքները քաղաքական երանգ էին ստացել` կառավարության հրաժարականի պահանջով եւ տարածվել էին ամբողջ երկրում: Բողոքի շարժման 13 օրերի ընթացքում զոհվել է չորս մարդ, հինգ հազարից ավելի մարդիկ վիրավորվել են: Ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |