10:44 Պետք է բուժել մայր օջախը | |
Հայաստանը գտնվում է սոցիալական մակընթացության շրջանում, և չկա գրեթե մի օր, երբ որևէ տեղ սոցիալական լոկալ բունտ չբռնկվի: Կառավարությունը շուտով երևի չի հասցնի արձագանքել ուղղակի ֆիզիկապես, այսինքն` չեն լինի մարդիկ, որոնք կմեկնեն այս կամ այն շրջան՝ հասարակության հետ բանակցելու և համոզելու: Սոցիալական բունտի այս լոկալ դրսևորումները շատերը համարում են առավել մեծ, ամբողջական բունտի նախադրյալներ, ձնծաղիկներ: Շատերն էլ, իհարկե, համոզված են, որ նման բան չի լինի և կառավարությանն այնուհանդերձ կհաջողվի մարել մեծ հրդեհի օջախները և չթողնել, որ բանը հասնի այնպիսի աստիճանի, ինչպիսին եղավ, օրինակ, «Սպայկայում»: Սոցիալական բունտի լոկալ դրսևորումները շատերին հիմք են տվել նաև կասկածել իշխանական «սպայկայի» դրսևորումների անկեղծությանը, որին ականատես եղանք Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը: Բանն այն է, որ շատերի գնահատմամբ` սոցիալական բողոքի այս բռնկումներում հրահրողներ կան, կան այսպես ասած տոն տվողներ, որոնք հանդիսանում են ներիշխանական հակասությունների թևերից և առերևույթ հնազանդվելով Սերժ Սարգսյանին` այսպես ասած տակից փորձում են նրա դեմ հրահրել հասարակությանը, իսկ հետո օգտվել վիճակից: Եվ սա ներկայացվում է նաև որպես անվտանգության սպառնալիք, պետական անվտանգության սպառնալիք: Տիգրան Սարգսյանն, օրինակ, երեկ խորհրդարանում բացահայտ հայտարարել է, որ հեղափոխությունն աղքատ երկրներում ավերում և ոչնչացնում է ամեն ինչ: Միգուցե վարչապետն իսկապես իրավացի է, սակայն երբ հեղափոխությունը հասունանում է, ապա նման խելոք դատողությունների վրա այլևս ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ի վերջո, իրենց սոցիալական ծայրահեղ վիճակից բողոքող մարդիկ, իհարկե, ենթակա են մանիպուլյացիաների, սակայն այդ մասին ամենից հեշտն է խոսել և այդ գյուղացիներին զսպվածության և չշահարկվելու կոչեր ուղղել բանկային մի քանի միլիոնանոց հաշիվներ ունենալու դեպքում: Սոցիալական այն հարցերը, որոնք այսօր ծագում են իրար հետևից, և որոնց կառավարությունը առայժմ մի կերպ է կարողանում հասցնել արձագանքել, իրականում ոչ թե ինքնին անվտանգության սպառնալիք են՝ եթե նույնիսկ կան հրահրողներ կամ ձեռքերը տաքացնելու պատրաստվող մարդիկ, այլ վկայում են մեկ այլ, ավելի լուրջ սպառնալիքի մասին: Դրանք վկայում են, որ Հայաստանում չկա, ըստ էության, կառավարման համակարգը, որը պատրաստ է երկրում համալիր կերպով արձագանքել սոցիալական մարտահրավերներին և թույլ չտալ գոնե, որ դրանք ստանան ծայրահեղ բնույթ: Եվ այս իրավիճակում, երբ չկա նման համակարգ, ապա խնդիրը արդեն դառնում է պետական անվտանգության հարց: Այսինքն` կառավարման անարդյունավետությունն է պետության անվտանգությանը սպառնում, ոչ թե դրա հետևանքով տուժող քաղաքացիների բողոքը, իսկ արդեն նաև պարզապես հուսահատ դրսևորումը: Հետևաբար` անվտանգության ապահովման գործողությունները պետք է սկսել իշխանական համակարգից և այլ տեղերում չփնտրել վտանգներ, որովհետև եթե այլ տեղերում վտանգներ առաջանում են, ապա միայն ու միայն մետաստազների տեսքով, որոնց դեմը առնելու համար պետք է բուժել մայր օջախը՝ կառավարման համակարգը: Մուսա Միքայելյան Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_analysis_185354.html | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |