12:38 Մոսկվան կաշխատի «սեպ խրել» | |
Վերջին երկու օրերին իրարամերժ տեղեկություններ տարածվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախ` ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը տեղեկացրեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել: Հետո ռուսական «Իտառ-Տասս»-ը հաջորդ օրը տարածեց, որ հանդիպման համաձայնություն չկա, և առաջիկայում այն սպասել չարժե, առնվազն մինչև ամռան վերջ կամ աշուն: Ընդ որում` հատկանշական է, որ օրինակ` ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության տարածումից հետո, նաև հաջորդ օրվա ընթացքում, ամերիկյան համանախագահությունը չհերքեց համաձայնությունը: Այն հերքեցին, փաստորեն, ռուսական լրատվամիջոցները, սակայն հատկանշական է, որ ոչ պաշտոնապես: Այսինքն` «Իտառ-Տասս»-ը հղում է անում իր աղբյուրներին և առայժմ պաշտոնական որևէ բան չկա: Սա երևի թե վկայում է այն մասին, որ ռուսական ու ամերիկյան կողմերը փորձում են վիճարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման, այսպես ասած, քավորությունը: Ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախագահների հանդիպման համաձայնության մասին հայտնեցին այն բանից հետո՝ ամերիկյան համանախագահությանը հղումով, երբ ԱՄՆ պետքարտուղար Քերին Վաշինգտոնում նախ հանդիպեց Մամեդյարովի, իսկ հետո Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը կարծես թե այնուհանդերձ որոշակի համաձայնություն կողմերից ստացել էր: Բայց դա կնշանակեր, որ այդ հանդիպումն անցնում է ԱՄՆ դե ֆակտո պատրոնաժությամբ` այն դեպքում, երբ Ռուսաստանը չի թաքցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի, այսպես ասած, եռակողմ ֆորմատը վերականգնելու մտադրությունը: Եռակողմ ֆորմատը մեդվեդևյան նախագահության գաղափարն էր, որը տապալվեց անփառունակ կերպով, և Ռուսաստանը չկարողացավ Հայաստանից համաձայնություն կորզել մեկ-երկու շրջան վերադարձնելու կապակցությամբ, ինչը ձգտում էր անել Կազանի հայտնի հանդիպումից առաջ: Բանը հասավ նույնիսկ Հայաստանին ադրբեջանական դիվերսիաներով սպառնալուն, սակայն պաշտոնական Երևանը, իհարկե ոչ առանց ԱՄՆ և Ֆրանսիայի աջակցության, կարողացավ Կազանում զերծ մնալ համաձայնություններից և այնտեղ էլ եռակողմ ֆորմատը կնքեց իր մահկանացուն: Մոսկվան, սակայն, ներկայումս ստիպված է մտածել այն վերականգնելու մասին, քանի որ առանց այդ էլ շատ քիչ գործիքներ ունի տարածաշրջանային գործընթացներում քաղաքական կենսունակություն ապահովելու համար: Մոսկվային այդ պայմաններում կենսականորեն անհրաժեշտ են դառնում հնարավորինս նեղ ֆորմատները, քանի որ լայն միջավայրում նա այլևս զգում է ռեսուրսների սղություն: Ահա այդ իսկ պատճառով, ղարաբաղյան խնդիրը առաջիկայում կարող է դառնալ Կրեմլի քաղաքականության համար կարևոր գործիք` տարածաշրջանային զարգացումների իմաստով: Պատահական չէ, որ Մոսկվան սկսել է անթաքույց սիրաշահել Ադրբեջանին` փորձելով նրան համոզել մտնել եռակողմ ձևաչափի մեջ: Մոսկվան համարում է, որ այստեղ Ադրբեջանին է պետք համոզել, քանի որ Բաքուն ինչ-որ առումով առավել անկաշկանդ է ռուսների հետ հարաբերություններում, քան Երևանը: Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափում Ռուսաստանը կստանա մանևրի հնարավորություն, իսկ ավելի ճիշտ` այդ ձևաչափը կօգտագործի այլ գործընթացներում որպես գործիք կամ նույնիսկ շանտաժի միջոց: Իսկ քանի որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումն անցնելու էր ԱՄՆ նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանի համար դժվար կլիներ խնդիրը տեղափոխել կրկին եռակողմ ձևաչափ և նեղացնել ֆորմատը: Միևնույն ժամանակ, կարծես թե նկատելի է, որ առայժմ Մոսկվան չունի բավարար հնարավորություն և ազդեցություն, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին բերի եռաչափի: Բաքուն լավ է հասկանում, որ Ռուսաստանն, իհարկե, չի կարող այդ ֆորմատում որևէ բան տալ իրեն թե՛ Ղարաբաղի, թե՛ առավել լայն ռեգիոնալ հարցերում, բացի Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելուց: Իսկ թե ինչ է նշանակում Արևմուտքի հետ խնդիրներ, Բաքուն այժմ շատ պարզ տեսնում է Անկարայի օրինակով, ուր ցուցարարներն արդեն զգուշացնում են, որ հերթը Ալիևինն է: Հայաստանն էլ, բնականաբար, առանձնապես մեծ շահագրգռություն չունի վերադառնալու եռակողմ ձևաչափի, քանի որ այստեղ բացի Ռուսաստանի համար մանրադրամ դառնալուց, որևէ այլ բան Հայաստանին չի շողում: Արդյունքում Մոսկվայի համար ներկայումս նվազագույն խնդիրը մնում է թույլ չտալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահ կարողանա շարժել գործընթացը և այդպիսով էլ ավելի նվազեցնել այն նեղ ձևաչափի բերելու Ռուսաստանի հնարավորությունները: Սա նշանակում է, որ ղարաբաղյան խնդրում առաջիկա ժամանակահատվածում մենք ականատես ենք լինելու դիրքային պայքարի, որտեղ Ռուսաստանը ամեն կերպ կփորձի հակասություններ սրել կողմերի միջև, նախագահների հանդիպում թույլ չտալու համար: Իսկ սա նաև նշանակում է, որ կրկին կարող են գործի դրվել ադրբեջանական դիվերսիաները, առավել ևս, որ օրերս Քարվաճառում այդպիսի մեկը եղավ, իսկ նախօրեին էլ հերթական փորձը կանխվեց Հորադիզում: Արամ Ամատունի Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_analysis_190235.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |