15:39 Մենք պարտավոր ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամերիկացի կոնգրեսական | |
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն իր աջակցությունն է հայտնել օրեր առաջ ԱՄՆ Կոնգրես ներկայացված «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության ակտ» կոչվող օրինագծին:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Հայոց ցեղասպանությունը 1,5 միլիոն կյանք խլեց: Աշխատունակ տղամարդիկ սպանվեցին կամ հարկադիր աշխատանքի ուղարկվեցին.... Այդ դեպքերը վերապրածներից շատերը ստիպված եղան լքել իրենց հայրեն տները, բաժանվել սիրելիներից...Կատարված վայրագությունների միակ բնորոշումը ցեղասպանությունն է: Ես աջակցում եմ Կոնգրես ներկայացված օրինագծին և շարունակելու եմ աջակցել՝ մինչև որ այն Կոնգրեսում ստանա այնքան ձայն, որքանի արժանի է հայ ժողովուրդը: Մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու ԱՄՆ-ի հանձնառությունը միանշանակ է, և մենք պարտավոր ենք ճանաչել այդ ողբերգությունն ու հիշեցնել աշխարհին, որ զանգվածային սպանդն ու բնաջնջումը չպետք է անտեսվեն»:
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության ակտի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի անդամներ Մայքլ Գրիմը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն և Դեյվիդ Վալադաոն. օրինագիծն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ՝ հիմքում ունենալով «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և դրա հետևանքների լիարժեք ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ իրականացված այս հանցագործության միջազգային մակարդակով համապարփակ լուծման հարցերը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |