Հայաստանի կենտրոնական բանկը չի խոստանում սառեցնել մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիների վարկերը, այս մասին Tert.am-ը տեղեկանում է իր տրամադրության տակ գտնվող՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գրությունից, որն ուղարկվել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: «Չնայած «վարկերի սառեցման» որոշ երկրների կողմից կիրառված պրակտիկային, ինչպես ցույց է տալիս փորձը, նման գործողություններ լրացուցիչ ռիսկեր են առաջացնում բանկային և ողջ ֆինանսական համակարգի կայունության համար, ինչը վտանգավոր է ցանկացած երկրի պարագայում»,- գրված է Արթուր Ջավադյանի պատասխան նամակում, որտեղ ասվում է, որ սա կարող է հանգեցնել բանկեր ֆինանսական ներհոսքների կրճատմանը: ԿԲ նախագահի գրության մեջ սևով սպիտակի վրա գրված է նաև.«Միևնույն ժամանակ նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը իրավասու չէ միջամտել վարկատու կազմակերպության ներքին գործերին և պայմանագրային հարաբերություններին»: Հիշեցնենք, որ երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հայտարարեց, որ անձամբ դիմել է Կենտրոնական բանկի նախագահին և խնդրել առևտրային բանկերի հետ քննարկել գյուղացիների վերցրած վարկերը ժամանակավորապես սառեցնելու մասին հարցը, ապա դիմելով կարկուտից տուժած գյուղացիներին, հորդորեց պաշտոնապես վնասի չափը պարզելուց հետո ներկայանալ բանկ ու նրանց տեղեկացնել ԿԲ-ի նախագահի պատասխանի մասին:
«Նամակում նշված է, որ Կենտրոնական բանկն արդեն ձեռնարկել է միջոցներ խնդիրը լուծելու համար, և ներկայումս առևտրային բանկերը միջոցներ են ձեռնարկում: Նամակում նաև ասվում է, որ նախկինում ևս եղել են նման բաներ, և բանկերը, գիտակցելով գյուղացիների եղանակային պայմանների պատճառով ֆինանսական վիճակի վատթարացումը, ընդառաջել են հօգուտ վարկառուների»,- ասել էր Էդմոն Մարուքյանը:
Արթուր Ջավադյանի գրության մեջ, իրոք, այս մասին նշված է, և այս մասով ընդհանուր հավելվում է.«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բանկերն աշխատանքներ են իրականացնում կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների բնակիչների շրջանում: Անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր վարկառուին»:
Արթուր Ջավադյանի նամակում ասվում է, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը Հայաստանի ողջ տնտեսության համար, հետագայում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կանխարգելմանն ու զսպանն ուղղված հնարավոր մեխանիզմների ներդրման նպատակով, անհրաժեշտ է ներգրավվել բոլոր պատկան մարմիններին: Նման մոտեցում կա միջազգային պրակտիկայում»:
Դրանց թվում նշվում է մի շարք մեխանիզմների մասին, մասնավորապես վարկերի սուբսիդավորման (ասվում է, որ Կառավարությունը ԿԲ–ի հետ համատեղ նման ծրագրեր իրականացնում է), գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի ապահովագրության ծրագրերի իրականացման մասին:
Քանի որ գյուղատնտեսական ոլորտում պարունակում է բարձր ռիսկեր, չի գործում ապահովագրման համակարգ, ԿԲ-ն նշում է, թե ապագայում աստիճանաբար այդ համակարգը կներդրվի, երաշխիքներ կտրամադրվեն վարկերի վերադարձնելիության համար և այլն:
Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/22/central-bank/ http://oratert.do.am
|