13:03 «Ջավախք» հայրենակցական միության կոչը ՀՀ մաքսային ծառայություններին | |
«Ջավախք» հայրենակցական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ սույն թվականի հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա: Հասկանալի է, որ բրոկերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի, և այն գործում է բոլոր սահմանային մաքսակետերում: Սակայն, այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր հայրենակիցները՝ ջավախքցիները, հետևաբար, ստացվում է, որ Մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից և չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: «Ջավախք» հայրենակցական միությունը այս կապակցությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում և կոչ անում ՀՀ մաքսային ծառայություններին լրջորեն քննարկել խնդիրը և վերականգնել նախկինում գործող կարգը: Մենք, միաժամանակ, հորդորում ենք ջավախքցիներին հանդարտվել, զինվել համբերությամբ և լավատեսությամբ, այն ակնկալիքով, որ ընդունելի և գոհացուցիչ որոշում կընդունվի»: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |