22:19 Ինչ է հասկացնում Իրանի դեսպանը | |
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հունիսի 11-ին հանդես է եկել բավական հետաքրքիր հայտարարություններով: Նա ասել է, որ «ցավոք սրտի», հայ-իրանական գազամուղը կառուցվել է ոչ մեծ տրամաչափով, ինչը թույլ չի տալիս Իրանին ապահովել Հայաստանի գազի ամբողջ պահանջարկը, այլապես Իրանը ունի այնքան գազ, որ կարող է բավարարել թե՛ Հայաստանին, թե՛ այլ երկրների: Ակնհայտ է, որ Իրանն այլ երկրներ ասելով նկատի ունի նաև Վրաստանին, որը ներկայումս գազ է ստանում Ադրբեջանից: Միևնույն ժամանակ Իրանի դեսպանը հիշեցնում է, որ Հայաստանն է ցանկացել, որ գազամուղի տրամաչափը փոքր լինի: Այդ տարիներին, երբ կառուցվում էր գազամուղը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ դա պարզապես լավ բիզնես է լինելու՝ գազը գալու է Հայաստան և էլեկտրաէներգիայի վերածված՝ գնալու է Իրան: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները այդ տարիներին խնդրին վերաբերվում էին որպես բիզնեսի, ոչ թե ռազմավարական մի գործոնի, որը հետագայում կարող էր մեծ դեր ունենալ Հայաստանի տարածաշրջանային նշանակության հարցում: Ակնհայտ է, որ Իրանի դեսպանի խոսքերում առաջարկ կա՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Վրաստանին, որը դուրս գալով ռուսական կախվածությունից՝ հայտնվել է ադրբեջանա-թուրքական կախվածության մեջ: Իրանը փաստացի ակնարկում է Իրան-Հայաստան-Վրաստան գազային միջանցքի մասին, որը կարող է հասնել նաև ավելի հեռու: Ի դեպ, Վրաստանը ժամանակին Հայաստանին առաջարկել է այդպիսի մի գաղափար, երբ Հայաստանը կառուցում էր իրանական գազամուղը, սակայն Հայաստանի իշխանությունները տոն չտվեցին և մերժեցին նաև այդ գաղափարը՝ Ռուսաստանի դժգոհությունը չառաջացնելու համար: Արդյունքում Հայաստանն ունի մի գազամուղ, որը այդպես էլ չդարձավ կարևոր քաղաքական գործոն և չապահովեց երկրի էներգետիկ անվտանգությունն ու արտաքին քաղաքական ճկունությունը: Այդ ամենից հետո առնվազն տարօրինակ է, երբ գազամուղը վերագրվում է Հայաստանի ձեռքբերումներին: Այն ավելի շատ Հայաստանի կորուստ է, քան ձեռքբերում: Իհարկե, կա իրանական խնդիրը, որը պարզ չէ՝ ինչպես է հանգուցալուծվելու, սակայն այդ խնդիրը հավերժ չի լինելու, և անկասկած Իրան-Հայաստան-Վրաստան գիծը պահելու է իր աշխարհաքաղաքական հրատապությունը: Սակայն նաև հարցն այն է, թե ինչքանով կարող են երեք երկրները ավելացնել այդ հրատապությունը: Այստեղ էլ, սակայն, իրավիճակը բավական խառն է, որովհետև Վրաստանում այսօր այն իշխանությունը չէ, որը մտածում էր Իրանով տրանզիտի մասին: Նոր իշխանությունը հազիվ թե մեծ ակտիվություն ցուցաբերի այս հարցում, քանի որ նոր-նոր է սկսել հարաբերություններ կարգավորելու փորձերը Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, իհարկե, ավելի մեծ անորոշություն է, որովհետև Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը անհասկանալի է բոլոր առումներով: Հայաստանը ներկայումս արտաքին քաղաքականության ձև ունի միայն, իսկ բովանդակությունը շատ հարաբերական է: Այս իմաստով իրանական մեսիջները, իհարկե, պետք է ընկալել առավելապես տեսական հարթության վրա՝ ափսոսալով միայն, որ բաց է թողնվել դրանց գործնականության մի կարևոր փուլ, երբ Հայաստանն այժմ կարող էր լինել որակապես այլ իրավիճակում, եթե, իհարկե, նաև նախկինում ունենար արտաքին իրական քաղաքականություն՝ բիզնեսի փոխարեն: Հովհան Մանդակունի Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_analysis_190647.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |