14:45 Ի՞նչ պայմաններում Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին վտարեցին Վրաստանից լրտեսության մեղադրանքով | |
Նախօրեին Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նա մինչ այս պաշտոնը ստանձնելը զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ռուսաստանի ԱԳ նախարարության բարձրաստիճան այս դիվանագետը, սակայն, մինչ ԱԳՆ կենտրոնական ապարատում պաշտոնի ստանձնումը հասցրել էր վտարվել Վրաստանից: <<Առաջին Լրատվականը>>-ը գրել էր այն մասին, որ 2007 թ. Վրաստանում աղմկահարույց դիվանագիտական սկանդալի արդյունքում պաշտոնական Թբիլիսին Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելության երեք ներկայացուցիչների մեղադրեց իր դեմ դավադրություն կազմակերպելու՝ լրտեսության մեջ: 2007 թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր աուդիո- և վիդեոնյութեր այն մասին, թե ինչպես են Վրաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության 3 դիվանագետները համագործակցում ընդդիմության ներկայացուցիչների՝ Գեորգի Խաինդրավայի, Կոնստանտին Գամսախուրդիայի, Շալվա Նաթելաշվիլիի, Լևան Բերձենիշվիլիի հետ՝ այն ժամանակ, երբ Վրաստանում իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունների լարվածությունը հասել էր իր գագաթնակետին: Վրաստանի արտգործնախարարությունը երեք դիվանագետների, այդ թվում՝ Իվան Վոլինկինին հայտարարել էր «պերսոնա նոն գրատա», ինչի արդյունքում Վոլինկինի հետ Վրաստանը ստիպված եղան լքել Վրաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պյոտր Սոլոմատինը և դեսպանատան երրորդ քարտուղար Ալեքսանդր Կուրենկովը: Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել էր վրացական պնդումները՝ դրանք սադրանք որակելով: Ի պատասխան Վրաստանի արտգործնախարարության այդ քայլի՝ Ռուսաստանը ՌԴ-ից վտարել էր վրացի երեք դիվանագետների: Ինքը՝ Իվան Վոլինկինը, ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր իրեն վերագրվող մեղադրանքները: Նա հայտարարել էր, որ ինքն ազնիվ է աշխատել՝ այնպես, ինչպես դիվանագետները պետք է աշխատեն քաղաքական բոլոր գործիչների ու քաղաքական բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հետ: Վոլինկինն ասել էր, որ Վրաստանի սահմանադրության դեմ ոչինչ չի արել, ավելին՝ հույս էր հայտնել, որ թյուրիմացությունը շուտով կհարթվի: <<Առաջին լրատվականը>>-ը փորձեց հենց Վրաստանի քաղաքական գործիչներից պարզել, թե ինչպես են վերաբերվում այն փաստին, որ Վրաստանից լրտեսության մեղադրանքով վտարված դիվանագետը գործուղվել է Երևան: Մի քանի վրացի գործիչներ և փաստաբաններ մեզ հետ զրույցում պարզապես չկարողացան հիշել, թե ինչ է տեղի ունեցել 2007 թ.՝ կարծես չցանկանալով որոշակի դիրքորոշում հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: Միայն «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի անդամ, Կովկասի գծով փորձագետ Մամուկա Արեշիձեն ասաց, որ հիշում է այդ մասին և գնահատական տալու համար պետք է ամբողջությամբ այդ պատմությունը հասկացած լիներ, այնինչ շատ մութ պատմություն էր, և ինչ արվեց, արվեց ընդհատակում: Արեշիձեն հիշեց, որ այդ ժամանակվա իշխանությունները դիվանագետներին մեղադրեցին լրտեսության մեջ, բայց ռեալ փաստեր չներկայացրեցին: Նա ընդգծեց, որ չի հիշում, որ դիվանագետի դեմ փաստեր ներկայացվեն, խոսքերից բացի: Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_186485.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |