11:11 ՀՀԿ մեծամասնությունը` անմարդաբնակ կղզում | |
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը բավական հետաքրքրական էր կողմնակի դիտարկման համար: Եթե Հայաստանում առկա լիներ ընտրական մեխանիզմ և ընտրությամբ իշխանություն փոխելու հնարավորություն, ապա այդ քննարկումը գրեթե մոտ էր դասական քաղաքական համակարգերին հատուկ իրավիճակի, և ընդդիմությունը կարող էր զգալի միավորներ հավաքել ընտրությանը հասարակության քվեն իշխանությունից խլելու համար: Սակայն, եթե վերանանք դասականությունից և մոտենանք Հայաստանի իրականությանը, ապա քննարկումից արժե անել այդ իրականությանն ավելի մոտ հետևություններ, որովհետև հասարակության քվեն իշխանության մոտ չի գնացել երբեք՝ իշխանությունը խլել կամ յուրացրել է այդ քվեն ու պահում է ապօրինի մեխանիզմներով: Իսկ ի՞նչ եզրակացության հիմքեր կան իրականության շրջանակում դիտարկելու առումով: Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումները քարոզչական մակարդակում իշխանությանը հնարավորություն տվեցին իրավիճակը ներկայացնել հենց դասականությանը և ժողովրդավարությանը մոտ, թե իբր Հայաստանում խորհրդարանական թեժ քննարկումներ են, ընդդիմությունը քննադատում է՝ ինչպես բոլոր երկրներում, այդ թվում` առաջադեմ երկրներում, ու քաղաքական բանավեճը տեղափոխվել է խորհրդարան, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է: Սակայն, այս ամենով հանդերձ, քարոզչական տիրույթից դուրս, զուտ պրակտիկ իմաստով իշխանությունը խորհրդարանում աչքի ընկավ տղայական պահվածքով: Մեծամասնության գրեթե բոլոր ելույթները ուղղված էին ընդդիմությանը փնովելուն, ինչ-որ բաներ հիշեցնելուն, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ եղավ Գալուստ Սահակյանի, այսպես կոչված, ելույթը: Այսինքն` իշխանությունը պարզապես «աբառոտկա» էր ուղարկում ընդդիմությանը, եթե արտահայտվենք մեծամասնությանը հարիր լեզվով: Ընդդիմությունն, իհարկե, քաղցր քննադատության չէր ենթարկում իշխանությանը, լինում էին նաև պիտակավորումներ, սակայն այդ ամենի հիմքում այնուհանդերձ փաստարկներն էին, իրականության գնահատականները, մեխանիզմները, հաճախ պարզապես մասնագիտական ընդդիմախոսությունը: Փոխարենը` իշխող մեծամասնությունը ընդամենը պատասխանում էր հենց «աբառոտկայի» տրամաբանությամբ: Սրանից պետք է անել երկու հետևություն կամ ավելի ճիշտ՝ արձանագրում. նախ` իշխող հանրապետական մեծամասնության մեջ այդպես էլ չգտնվեց որևէ փաստարկված ելույթ, որը կփորձեր բանավեճի մակարդակով հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմությունը սխալ է, և կառավարությունը գտնվում է ճիշտ ուղու վրա և մշակել է ճիշտ ծրագիր: ՀՀԿ-ականները այդպես էլ չկարողացան ընդդիմությանը կուրության կամ այսպես ասած` չարախնդության համար մեղադրելուց և մեկ էլ անցյալը հիշեցնելուց բացի, այլ բովանդակությամբ ելույթ ունենալ և փորձել գոնե հասարակության համար փաստարկված պաշտպանել իրենց կառավարության ծրագիրը: Այս իմաստով, իհարկե, մնում է կարեկցել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ նրա կառավարությունը խորհրդարանում նման մեծամասնության պաշտպանության հույսին է մնացել: Վարչապետն իսկապես ծանր և տխուր կացության մեջ է` անկախ կառավարության ներկայացրած ծրագրի որակից: Այդ մեծամասնությունն անկարող կլինի կառավարության ծրագիր պաշտպանել նույնիսկ անմարդաբնակ կղզում, եթե նրանց ընդդիմախոսը միայն Ուրբաթը լինի: Մյուս արձանագրումը հետևյալն է. Հայաստանի իշխող մեծամասնությունը բացարձակապես ադեկվատ չէ անգամ այն պայմաններում, երբ վստահ է, որ ունի բացարձակ մեծամասնություն և քվեարկության արդյունքում կանցկացնի կառավարության ծրագիրը: Թվում է, թե հոգեբանական նախադրյալները բավարար են, որպեսզի այդ մեծամասնության պատգամավորները ընդդիմության հետ լեզվակռվի մեջ մտնելու փոխարեն, իրենց իսկ խոսքով ասած՝ իրենց նման խրոխտ ուժին վայել ելույթներ կազմեն և հասարակությանը ցույց տան, որ մինչ ընդդիմությունը իշխանությանը պոպուլիզմով է փորձում հաղթել, իրենք զբաղված են լուրջ մտավոր աշխատանքով և մտահոգ են երկրի առաջ ծառացած խնդիրներով, փորձում են պոպուլիստ ընդդիմությանը բերել ռացիոնալ դաշտ, իսկ նա շարունակում է զբաղվել իշխանակռվով: Սակայն, սրա փոխարեն, իշխանությունը` խորհրդարանական մեծամասնությամբ պարզապես «թաղային մակարդակի ռազբորկա» էր ծավալել և փորձում էր ընդդիմությանը «տեղը դնել», այն դեպքում, երբ ընդդիմությունը որևէ լծակ չունի ՀՀԿ-ի տեղը կասկածի տակ առնելու և կառավարության ծրագիրը տապալելու համար: Իրավիճակը հիշեցնում է ֆուտբոլային խաղ, երբ թիմերից մեկը առաջին խաղում հաղթել է խոշոր հաշվով և պատասխան խաղից առաջ ունի հանգիստ լինելու ու պարզապես առանց լարվածության և նյարդայնության խաղը հաղթական ավարտին հասցնելու հիանալի հիմքեր, բայց մտնում են խաղադաշտ և սկսում են պարզապես կոպիտ խաղով կոտրել մրցակից թիմին: ՀՀԿ-ի պահվածքը հենց դա էր հիշեցնում, ինչի պատճառն, իհարկե, այն է, որ Հանրապետականում շատ լավ են պատկերացնում, որ, այսպես ասած, առաջին խաղի խոշոր հաշիվը ձեռք են բերել ոչ թե սեփական խաղամակարդակի բարձր լինելու շնորհիվ, այլ կանոնների կոպիտ խախտումներով: Հետևաբար, եթե հանկարծ ամեն ինչ թողնեն արդեն, այսպես ասած, օրինաչափ ու բնականոն ընթացքին, ապա անգամ կես խաղակես ի զորու չեն լինի դիմանալ ազատ մրցակցությանը: Այս իրավիճակը նկարագրելու համար անգամ միջին մակարդակի հոգեվերլուծաբան լինել պետք չէ: ՀՀԿ-ի հոգեվիճակը պարզ է նույնիսկ սիրողական աչքի համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթն այս ամենի խտանյութն էր, ու թեև հոգեվերլուծական մասնագիտական կարողություններ առանձնապես պետք չեն երևույթը նկատելու համար, այնուհանդերձ մասնագիտական դիտարկումները այստեղ անհրաժեշտ են պետական անվտանգության տեսանկյունից: Վերջին հաշվով, բավարար չէ, որ երկրի կառավարման ղեկը գտնվում է ոչ կոմպետենտ մեծամասնության ձեռքին, դեռ մի բան էլ այդ մեծամասնությունը գտնվում է իրականության հանդեպ հոգեբանական բարդույթների սեփական ցանցում: Ոչ կոմպետենտությունն ու հոգեբանական լարվածությունը ձևավորում են վտանգավոր մի խառնածին, որի դեպքում խնդիրն արդեն ոչ թե դառնում է անարդյունավետությունը կառավարման ղեկին, այլ ուղղակիորեն վտանգավորությունը թե նավի, թե անգամ ծովի համար, որում լողում է այդ նավը: Արամ Ամատունի Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_analysis_186168.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |