Հայաստանում առկա իրավիճակը փոխելու համար հարկավոր է նախ ընդլայնել «վստահության շառավիղը», հետո` մեծացնել պլանավորման հորիզոնը, սակայն այսօր Հայաստանում առկա գոյատևման մոդելը դա թույլ չի տալիս, այս մասին «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում ասել է նախագահ, Սբերբանկ-CIB-ի համաղեկավար, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
«Դա ոչ միայն իշխանության, այլև հասարակության, անհատ մարդկանց խնդիրն է: Նրանք, պատկերավոր ասած, կառուցում են փոքրիկ կրպակ, հետո դրան ավելացնում են ծածկապատշգամբ, հետո` պատշգամբ, ապա դրա տեղում ստեղծվում է արտադրամաս, արդյունքում այդ ամենը վերածվում է կայսրության, որն, այնուամենայնիվ, հյուսված է մնում ահա այդպիսի կարկատաններից»,– ասել է նա:
«Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում հայերն ապրել են օտարների լծի տակ, և, հավանաբար, դա է դարձել պատճառը, որ մենք շատ լավ միջնորդներ ու տեղակալներ ենք, բայց շատ հազվադեպ ենք դառնում խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Գոյատևման մոդելը մեզ մոտ առկա է ամեն ինչում, իսկ ահա բարգավաճման մոդել, որը պահանջում է հավակնություններ և ռիսկ, դեռևս գոյություն չունի»,– ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։
Հարցին, թե մոդելը կարո՞ղ է փոխվել մոտ ապագայում, նա պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է: Դա տեսլականի, կամքի և գործողությունների հետևողականության խնդիր է: IDeA-ի ( իր և կնոջ հիմնած Initiatives for Development of Armenia հիմնադրամի մասին է խոսքը – Tert.am) նպատակը մարդկանց մտածելակերպի արդյունավետ փոխակերպումն է, ինչն անհրաժեշտ է բարգավաճման մոդելին անցում կատարելու համար: Այդ հարցում շատ կարևոր է գործողությունների հետևողականությունը. հնարավոր չէ դրան հասնել մեկ օրում»: Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/06/24/ruben-vardanyan/
|