Առողջապահության նախարարության կայքում «թափուր աշխատատեղեր» բաժնում ներկա դրությամբ զետեղված են շուրջ 26 թափուր աշխատատեղի համար մրցույթներ, ըստ որում՝ դրանց մեջ քիչ չեն այս կամ այն բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվածները: Օրինակ՝ «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Աչաջրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների թափուր պաշտոնների, «Այրումի գյուղական բժշկական ամբուլատորիայի», «Սևքարի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների և այլն: Tert.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հաստատեց այս տեղեկությունը:
«Այս տարվա հունվարի մեկի դրությամբ մարզերում ունենք 398-ի չափ հաստիք, հաշվի առնելով, որ հնարավոր է այնտեղից լրացուցիչ մասնագետ են ուզում, կարծում եմ, պահանջարկի իրական թիվը 300 է: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարզում շուրջ 30 մասնագետի անհրաժեշտություն կա»,- մանրամասնեց ԱՆ աշխատակազմի ղեկավարը՝ նշելով, որ մարզում, ըստ մասնագիտության բժիշկ չլինելու դեպքում նախարարությունից բժիշկներ են գործուղում, մինչև որ տեղում աշխատանքի տեղավորեն համապատասխան մասնագետին:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ մարզերում պահանջարկ կա հետևյալ մասնագիտությունների գծով. առավել մեծ է անեսթեզիոլոգների, ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, սրտաբանների, պաթոլոգաանատոմների կարիքը:
Նա չբացառեց, որ հեռավոր շրջաններում մեկ ընտանեկան բժիշկը սպասարկի երկու գյուղի, ինչի մասին տեղեկություններ կան, սակայն նշեց նաև, որ ընտանեկան բժիշկը նշանակվում է հետևյալ կերպ. ազգաբնակչության թվով 2000 հոգուն սպասարկում է մեկ ընտանեկան բժիշկ։ Ուստի այդ գյուղերը, երևի, իրար սահմանակից, քիչ բնակչություն ունեցող գյուղեր են:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց մի բժիշկ, որը ցանկացավ անհայտ մնալ, Հայաստանից արտագաղթում են նաև բժիշկները, որոնք Ռուսաստանում աշխատում են շուրջ 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով:
Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմները ընդունելի են ԱՊՀ տարածքում, քանի որ Հայաստանի և ԱՊՀ պետությունների միջև բժշկական դիպլոմների փոխադարձ ճանաչելիության մասին համաձայնագիր կա:
Սուրեն Քրմոյանը հերքեց, թե մարզերում բժիշկների պահանջարկը պայմանավորված է արտագաղթով՝ չհերքելով, որ հայաստանցի բժիշկները, որպես աշխատանքային միգրանտներ, գնան աշխատեն: Սակայն նա որպես հիմնական պատճառ է նշում մարզերի ոչ համաչափ զարգացումը:
«Ժամանակին, հիշում եք, մարզերում բժշկական հաստատությունների պայմանները շատ վատն էին, աշխատավարձերը՝ ցածր,և էդ նպատակով շենքերը վերանորոգեցինք: Մենք մարզերում բուժհիմնարկներ ունենք, որ Երևանում չկան, իսկ Գյումրիի բժշկական կենտրոնը Հայաստանի անկախության տարիներին կառուցված միակ բուժկենտրոնն է»,- ասաց Սուրեն Քրմոյանը՝ առանձնացնելով նաև իրականացվող բարեփոխումները:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/05/24/doctor/
http://oratert.do.am
|