16:48 Հայաստան կայցելի արքայազն Չարլզը | |
Ուելսի արքայազն Չարլզը մայիսի 28-30-ը մասնավոր այցելությամբ կլինի Հայաստանում` որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնը Արքայական ընտանիքի առաջին անդամն է, ով կայցելի Հայաստան, նշված է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրությունում: Արքայազն Չարլզը կայցելի Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, Մատենադարան, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին: «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և անկախ Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Ուելսի արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում: Արքայազնը այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական երեք շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն: «Երևան, իմ սեր»-ը «Ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն: «Երևան, իմ սեր»-ը նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին Հայրենիքի հետ: Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_186288.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |