10:00 Ղարաբաղյան պատերազմի վետերանները այսօր կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում | |
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում վիրավորված ազատամարտիկները այսօր կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում` որոշելու, թե ինչ մեթոդներով շարունակեն պայքարը, քանի որ նրանք այդպես էլ չեն ստացել կառավարությանն ուղղված իրենց նամակի պատասխանը, որով պահանջում էին բարձրացնել իրենց կենսաթոշակները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Կառավարությունից նրանց տեղեկացրել էին, որ նամակը վերահասցեագրվել է ֆինանսների նախարարություն, որտեղից իրենց կպատասխանեն մինչև մայիսի 23-ը: Փաստորեն չորս օր է անցել, իսկ պատասխան դեռ չկա: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները պահանջում են բարձրացնել կենսաթոշակները և հասցնել միջինում 100-200 դրամի, քանի որ այսօր ստացած մոտ 70 հազար դրամով չեն կարողանում լուծել իրենց տարրական կենցաղային խնդիրները: Երկու երեխաների հայր Արամայիս Չովիշյանն ասում է, որ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը աշխատանք չունի, ապրում են դրսից ուղարկված դրամական օգնության հաշվին: «Մի կերպ ապրում ենք, բացարձակ ոչ մի աշխատանքի հնարավորություն չունենք, եղբայրներս են Ռուսաստանից փող ուղարկում, մինչև տեսնենք, երևի ես էլ արտագաղթեմ, թողնեմ, գնամ», - ասել է Չովիշյանը: Ղարաբաղյան պատերազմի վետերանը նաև նշում է, որ կենցաղային հարցերին գումարվում են պատերազմի ընթացքում առաջացած բազմաթիվ առողջական խնդիրները, որոնք նույնպես լուրջ ֆինանսական ծախսեր են պահանջում: «Գլխի ցավեր ունեմ, կանտուզիա եմ տարել, ականջներիս թաղանթներն են պայթած: Հիմա սաղ թղթաբանությունը արված է, որ պիտի կամիսիա անցնեն, կամիսիան մերժում է», - պատմեց Չովիշյանը: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին այս ամսվա սկզբին, երբ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Երևանի Ազատության հրապարակում նստացույց սկսեց` պահանջելով պետությունից ուշադրություն դարձնել ղարաբաղյան պատերազմի մասնակիցների կենսաթոշակների հարցին: Նստացույցին Ազատության հրապարակում միացան տասնյակ դժգոհ ազատամարտիկներ: Նրանք նշում էին, որ սոցիալապես շատ վատ վիճակում են հայտնվել շուրջ 3000 վետերաններ` իրենց ընտանիքներով: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հայտարարում են, որ շարունակելու են տարբեր մեթոդներով պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները: Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_society_187032.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |