ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը բոլորովին վիրավորված չէ Գալուստ Գրիգորիչի իր հասցեին արված արտահայտություններից։ « Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի նման բան է։ Բանականության առումով պուճուր եղբայրների վրա չեն նեղանում և չեն ջղայնանում։ Հնչեց իմ անունը, բայց ես դրանից «տրագեդիա» չեմ սարքում, դա ցույց է տալիս, որ նրանց նյարդերը տեղի են տալիս, և դա արտահայտում են կոպտագույն մեթոդներով»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա։ Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ Լևոն Զուրաբյանը պատմության մեջ կմնա, քանի որ առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց։
Լրագրողների պնդմանը, որ ամեն դեպքում նրան վիրավորեցին, Լևոն Զուրաբյանը նշեց, թե ինչ վերաբերում է իրենց զրո անվանելուն, ապա դրա համար էլ է շատ-շատ ուրախ։
«Ես շատ-շատ ուրախ եմ, փաստորեն մի զրո կա Հայաստանում, որ հունից հանում է ՀՀ վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին, մի զրո կա, որ իշխանական պրոպագանդան օր ու գիշեր խոսում է, մի զրո կա, որ կարողանում է ժողովրդին ճշմարտությունը հասցնել։ Շատ հզոր զրո է, համաձայն եմ»,- ասաց նա։
Հարցին, թե Գալուստ Սահակյանը պատմության մեջ ինչպե՞ս կհիշվի, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Տափակ շուլուխներով։ Չեմ էլ կարծում, որ կմնա, որովհետև Վիկտոր Չերնոմիրդինը տափակ շուլուխներ անում էր, բայց գոնե մի միտք արտահայտում էր, չեմ կարծում, որ նույն պատվին կարժանանա ձեր Գրիգորիչը,- ասաց նա։
|