19:31 Ե՞րբ կթանկանա հասարակական տրանսպորտի ուղեվարձը | |
Հունիսի 1-ին հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման մասին հրապարակումներին: Դավիթ Մելքոնյանը հստակեցրեց, որ չունի տեղեկություն, թե հունիսի 1-ից տրանսպորտը թանկանալու է: Նա պարզաբանեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը օրենքով սահմանված կարգով ձևավորում է միջմարզային, միջպետական երթուղային ցանցերը: «Երթուղայինի վարձի բարձրացումը կարգավորվում է օրենքով: Ըստ կարգի՝ փոխադրողը պետք է ներկայացնի դիմում՝ հիմնավորմամբ, թե ինչու է ավելացնում վարձավճարը: Այդ հիմնավորումը կարող է լինել վառելիքի, քսայուղերի բարձր գինը, դրամի արժեզրկումը և մի շարք այլ գործոններ: Փոխադրողն այդ առաջարկը ներկայացնում է երթուղային ցանցին: Նախարարությունը որևիցե փոխադրողից նման հայտ դեռևս չի ստացել»,- մեկնաբանեց Դավիթ Մելքոնյանը՝ հավելելով, որ մինչև գազի գինը չթանկանա, այդ հարցը քննարկման ենթակա չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով նշեց, որ քաղաքապետարանում որևէ փոփոխություն չկա: Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, որ հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի գները թանկանալու են: Ըստ այդմ՝ միկրոավտոբուսները կդառնան 200, իսկ ավտոբուսները՝ 150 դրամ: Արաքս Մարտիրոսյան | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |