19:55 Carrefour-ի մուտքով Հայաստանում մենաշնորհային նկրտումները վերանալու են. Վարդան Բոստանջյան | |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ հայտարարեց, թե Carrefour-ն արդեն Հայաստանում է: Նա նշել էր, որ Carrefour-ի աշխատակիցներն այցելում են նախարարություն, հարցեր են տալիս և իրենք փորձում են աջակցել նրանց և պարզաբանումներ տալ: Ըստ Ավանեսյանի՝ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել։ Օրեր առաջ «Առաջին լրատվական»-ը նաև համեմատություն էր արել Վրաստանում գործող Carrefour-ում վաճառվող լայն սպառման մի քանի ապրանքների և Հայաստանում գործող SAS սուպերմարկետների ցանցի նույն ապրանքերի գների միջև, և արդյունքում պարզ էր դարձել, որ նույն ապրանքը այնտեղ շատ ավելի էժան է, քան մեզ մոտ: Թե ինչ գներ կունենան այդ նույն ապրանքները Հայաստանում՝ առայժմ հայտնի չէ: Հայաստանում Carrefour-ի բացվելու վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Նա նախ ողջունեց Carrefour-ի մուտքը Հայաստան ապա նշեց․ «Դա համաշխարհային բրենդ ունեցող կազմակերպություն է՝ և՛ սպասարկման, և՛ իր կողմից իրացվող ապրանքատեսակների առումով, բայց բացի նրանից, որ սա արդեն ինքնըստինքյան շատ դրական երևույթ է՝ մյուս կարևորությունը կայանում է նրանում, որ Carrefour-ի մուտքով մենաշնորհային նկրտումները տվյալ բնագավառում վերանալու են, կտրուկ մեղմվելու են. այս առումով ես միանշանակ ողջունում եմ»: Ըստ Բոստանջյանի՝ պետք է ստեղծել բոլոր բարենպաստ պայմանները Carrefour-ի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և գործելու համար: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |