13:40 Ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք | |
Հայաստանի կառավարությունը ներկայացրել է գործունեության նոր ծրագիր, որով խոստացել է Հայաստանում կյանքը դարձնել ավելի լավը: Սովորաբար, կառավարությունների ծրագրերի ներկայացումը իրադարձություն է տվյալ երկրի, հասարակության համար, որովհետև մարդիկ ըստ այդմ փորձում են պատկերացնել, թե ինչ է իրենց սպասում երկրում ծրագրի գործունեության մոտավոր ժամկետում: Գործարարները փորձում են հասկանալ, թե ինչ վեկտոր է ունենալու տնտեսական քաղաքականությունը, երիտասարդները, թոշակառուները, այսպես կոչված պետական ծառայողները ստանում են իրենց հասցեագրված մեսիջները: Հայաստանի կառավարության ծրագրում էլ այդ ամենը կա, լավ, թե վատ, մեսիջներ կան բոլոր շերտերի ու խավերի համար՝ մեկի համար բավականաչափ, մյուսի համար շատ քիչ, երրորդի համար ընդհանրապես անբավարար: Սակայն ինչ տարբերություն, որ դրանք կան: Բանն այն է, որ այդ մեսիջները, կառավարության ծրագիրը իրադարձություն են այն երկրներում, որտեղ կա քաղաքական պատասխանատվության ինստիտուտ, և որտեղ չկատարված խոստումների, ձախողված ծրագրերի համար քաղաքական ուժը, որը իշխում է, պատասխանատվություն է կրում: Իսկ դա նշանակում է երկրում ընտրական ինստիտուտի գոյություն: ՀՀԿ-ն, որի ձևավորած կառավարությունն է ծրագիր ներկայացնում, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում, այսպես ասած, հաղթել է երեք ընտրություն՝ խորհրդարան, նախագահական, Երևանի ավագանի: Եվ երեք դեպքում էլ պաշտոնական տվյալներով հաղթել է բացարձակ մեծամասնությամբ: Բայց հասարակությունը պետք է հավատա այդ հաղթանակներին, որ այդ քաղաքական ուժի ձևավորած կառավարության ծրագիրը հասարակության համար դառնա իրադարձություն, որ մեսիջները նշանակություն ունենան, որ հասարակությունն ինչ-որ բան փնտրի այդ ծրագրում: Իսկ հասարակությունը ՀՀԿ-ի հաղթանակին հավատում է ուղիղ այնքան, որքան կհավատար Մարսի վրա կյանքի գոյությանը կամ այլմոլորակայինների այցելություններին երկիր: Թեև նույնիսկ դրան կարելի է հավատալ, բայց ոչ ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակներին: Եթե երկրում ոչնչացված է ընտրական մեխանիզմը և աղքատության 35 տոկոսի, բիզնեսի դեմ հարկային տեռորի պայմաններում իշխանությունը բացարձակ տվյալներով վերարտադրվում է, ապա կառավարության ծրագրի կարիք բացարձակ գոյություն չունի, համենայնդեպս հասարակության համար: Ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք, եթե ընտրությունը, միևնույն է, կեղծվում է: Կառավարությունը 5 տարի առաջ էլ ծրագիր է ներկայացրել: Այդ ծրագրի կետերը, կամ գոնե փիլիսոփայությունը, կատարվե՞լ են արդյոք, ինչքանո՞վ են կատարվել, ի՞նչ է փոխվել կյանքում այդ ծրագրի իրագործումից՝ եթե իրագործվել է, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրել ձախողումների համար: Երևի կառավարությունը բավարար ադեկվատություն ունի խոստովանելու, որ ձախողումներ եղել են, այն էլ` խոշոր ձախողումներ, բայց ի վերջո չափանիշ է ընդունվել 7 տոկոս տնտեսական աճը՝ 35 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում, ինչը ըստ էության նշանակում է իրականում մոտ 50 տոկոս աղքատություն, եթե ոչ ավելի, կառավարության գնահատականի չափանիշ է ընտրվում 7 տոկոս աճը: Եվ դա նաև այն դեպքում, որ ընդամենը երկու տարի առաջ եղել է 14 տոկոս անկում, իսկ վերականգնման երկամյա տեմպը եթե դիտարկենք, ապա դեռ անկման կեսը հազիվ ենք հասել: Ծրագիրը նշանակություն, արժեք, կշիռ ունի այն երկրներում, որտեղ ընտրությամբ իշխանություն է փոխվում, որտեղ անհաջողության մատնված կառավարությունը, քաղաքական ուժը կարող են թողնել իրենց դիրքը իշխանությունում, եթե այդպես համարի հասարակությունը, որտեղ ընդդիմության փաստարկները ունեն քաղաքական ուժ, այսինքն` կարող են վերածվել ընտրողի քվեի, որը հետո ոչ ոք չի գողանա կամ չի նենգափոխի թաղային խուժանով: Կառավարության ծրագիրն իմաստ ունի այն երկրներում, որտեղ ընտրական գործընթացում այդ կառավարությունը չի վախենում իր ընդդիմախոսների հետ ուղղակի բանավեճի մեջ մտնել և պաշտպանել իր ծրագիրը, պաշտպանել իր արձանագրած արդյունքները: Հայաստանում այդ ամենը չկա, հետևաբար չկա ծրագրի իմաստ, չկա ծրագրի նշանակություն, որովհետև միևնույն է` ոչ մի բացթողման համար չի լինելու քաղաքական պատասխանատվություն, պատասխանատվություն լինելու է միայն իշխանության առաջ, իսկ այստեղ արդեն չափումները արվում են բոլորովին այլ պարամետրերով, որոնք հասարակության շահերի հետ կարող են ունենալ միայն պատահական աղերսներ: Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_analysis_185405.html | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |