10:09 Բրազիլահայ համայնքի զգոնության շնորհիվ վիժեցվել է հակահայկական բանաձևը | |
Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի սկզբին հաղորդել էին, թե իրենց երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խորհրդակցություններ է անցկացրել բրազիլական պատվիրակության հետ՝ պատգամավորներ Նելսոն Պելեկրինոյի և Կլաուդիո Քախանի գլխավորությամբ: Բրազիլահայ համայնքի «Էսթեքաո Արմենիա» կայքէջի սյունակագիր՝ պրոֆ. Ջեյմս Օնիկ Թամճյանը պարզաբանել է, որ Պելեկրինոն և Կլաուդիո Քախան աշխատում են հանուն թուրքական լոբբիի: Նրանցից առաջինը գործող իշխանության կուսակցության անդամ է, իսկ երկրորդը՝ ընդդիմադիր, սակայն դա նրանց չի խանգարել այս հարցում համագործակցելու: Բրազիլացի երկու պատգամավորները Մամեդյարովին խոստացել են դիմում ներկայացնել իրենց երկրի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովին՝ առաջարկելով Բրազիլիայի աջակցությունը Ադրբեջանին և պահանջելով հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից՝ հիշատակելով ՄԱԿ-ի որոշ բանաձևեր: Բրազիլահայ համայնքը վերոնշյալ կայքէջի միջոցով ձեռնարկել է լայնածավալ արշավ՝ քաղաքացիներին կոչ անելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը ադրբեջանական գաղափարախոսությամբ տարված այս երկու քաղաքական գործիչների և նրանց գործողությունների դեմ: Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչները և Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը ևս բողոքի նամակ են հղել: Այս ամենի շնորհիվ Բրազիլիայի խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակահայկական առաջարկ-պահանջը հանվել է օրակարգից, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգից, թեև, ըստ Թամճյանի՝ վտանգ կա, որ այն քննարկելու փորձ կանեն նաև հուլիսի 10-ին: Աղբյուրը` http://www.1in.am/arm/world_event_193984.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |