23:02 Արտակ Բուդաղյանը ցանկանում է շուտափույթ ապաքինվել եւ գնալ զորքին տեր կանգնել | |
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ վերջինս հավանաբար 2-3 օր կմնա Վերակենդանացման բաժանմունքում, արդեն շաբաթվա վերջին կտեղափոխվի այլ բաժանմունք: Արտակ Բուդաղյանը քայլում է, խոսում է, բայց դեռ չգիտի եղբոր մահվան մասին, միայն ցանկանում է շուտափույթ ոտքի կանգնել, անցնել ծառայության, քանի որ զորակոչը սկսվել է, անհանգիստ է իր զորքի համար: «Ասում է` շուտ հանեք ոտքի, գնամ զորքիս տեր կանգնեմ»,- ասաց Արամ Ասատուրյանը: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի տան մոտ հունիսի 2-ին հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Սուրեն Խաչատրյանի թիկնապահի` Նիկոլայ Աբրահամյանին, ապա նրա վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Նրանց փոխանցմամբ` դժվար է ասել, թե երբ վերջինս կտեղափոխվի այլ բաժանմունք կամ երբ դուրս կգրվի: Նիկոլայ Աբրահամյանը միացված չէ արհեստական շնչառության ապարատին, պարզ գիտակցություն ունի: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |