14:23 Արտագաղթը կասեցնելն արդեն ոչինչ է | |
Երբ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են իրականացնել այնպիսի քայլեր ու ծրագրեր, որ կանխեն արտագաղթը, այդ հայտարարությանը շատերը չեն հավատում, որովհետև իշխանությունները հավատի հիմքեր չեն ձևավորել: Ավելին՝ ոչնչացրել են նույնիսկ եղած քիչ թե շատ նշմարվող հիմքերը: Բայց արտագաղթի վերաբերյալ այդ հայտարարություններն ունեն մեկ այլ կողմ: Արտագաղթը վաղ թե ուշ կանգնելու է՝ ուզենք, թե չուզենք: Իհարկե, չի լինի այնպես, որ այն անվերջ շարունակվի, որովհետև կա մի աստիճան, որից այն կողմ Հայաստանում մնացողները այլևս պատճառ չեն ունենալ մեկնել երկրից, քանի որ առկա վիճակը նրանց համար կլինի գոհացուցիչ: Իսկ այն, որ կա մի հսկա զանգված, որի համար հենց այս վիճակն է գոհացուցիչ, երևի թե կասկածից վեր է: Հակառակ պարագայում այս վիճակը չէր լինի, հակառակ պարագայում իշխանությունները երբեք չէին կարողանա վերարտադրվել անաղմուկ, հիմնականում փողի և վարչական լծակների միջոցով: Այնպես որ՝ արտագաղթը մի օր իսկապես կդադարի՝ ուզի իշխանությունը, թե ոչ: Կդադարի, և այդժամ իշխանությունը կհայտարարի, թե տեսեք՝ արտագաղթ այլևս չկա, ուրեմն մեզ հաջողվեց կասեցնել այն: Մինչդեռ դա կլինի իրավիճակի հերթական նենգափոխումը, որով զբաղված են Հայաստանի իշխանությունները: Բանն այն է, որ նրանցից այլևս պահանջվում է ոչ թե կասեցնել արտագաղթը, այլ վերադարձնել արտագաղթածների զգալի մասին: Այսինքն՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք վերադառնան: Սա արդեն խնդիր է, և արդեն այս խնդիրն է, որ պետք է դրվի իշխանության առաջ: Նվազագույն խնդիրն այլևս չպետք է լինի արտագաղթի կասեցումը, քանի որ երկիրն առանց այդ էլ դատարկվել է գրեթե նվազագույն աստիճանի: Նվազագույն խնդիրը և պատասխանատվությունը, որ պետք է ստանձնեն իշխանությունները, պետք է լինի արտագաղթածների վերադարձն ապահովելը: Խոսքը հայրենադարձության մասին չէ: Դա ռազմավարական խնդիր է, որը օբյեկտիվորեն ապագայի հարց է, քանի որ կա նախ՝ արտագաղթած հայաստանցիներին իրենց տուն ու տեղ վերադարձնելու խնդիր: Բայց դա պետք է լինի նվազագույնը, որ պետք է կատարեն իշխանությունները: Նրանց առաջիկա տարիների աշխատանքները պետք է չափվեն այդ նշաձողով, ոչ թե արտագաղթի կասեցման: Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան, հետևաբար միայն դեմոգրաֆիական պատկերի վերականգնումը հնարավորություն կտա դրական գնահատական տալ իշխանություններին: Իսկ դա նշանակում է Հայաստանում արժանապատիվ կենսապայմանների ապահովում, նաև՝ իրավական միջավայրի, արդարության և վստահության մթնոլորտի ձևավորում: Այնպես որ՝ արտագաղթի կասեցման մասին հայտարարությունները, որ անում են իշխանությունները, դեկլարատիվ բնույթից զատ, նաև անբավարար են իրենց էությամբ: Դեկլարատիվ կարող են լինել նաև արտագաղթածներին վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությունները, բայց գոնե իրենց էությամբ դրանք այն նպատակներն են, որ պետք են երկրին, և որոնք համապատասխան են Հայաստանի ներկայիս պահանջներին ու ռազմավարական շահերին: Այս կոնտեքստում հասարակական պահանջն էլ պետք է լինի արդեն ոչ միայն արտագաղթի դադարեցումը, այլ արտագաղթածների վերադարձի ապահովումը՝ հնարավորինս դինամիկ տեմպերով: Հովհան Մանդակունի Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_analysis_186242.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |