10:55 Արթուր Պետրոսյան. Հայաստանը Մալթային թերագնահատելու պատճառ չունի | |
Շվեցարական «Ցյուրիխ-2-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, ով մինչ օրս հանդիսանում է Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն, armsport.am-ի հետ զրույցում ամփոփեց իր թիմի ելույթները, անդրադարձավ «Շիրակին» և խոսեց ազգային հավաքականի առաջիկա խաղերի մասին:
- Ես ձմռանը գլխավորեցի թիմը, որից հետո մենք հաջող ելույթներ ունեցանք և գրանցված արդյունքը գոհացնում է: Liga Promotion-ն իր ուժով՝ 3-րդն է Շվեյցարիայում: Այստեղ կարող ես դուրս մնալ` հայտնվելով ավելի ցածր լիգայում, իսկ ավելի բարձր լիգա տեղափոխվել չես կարող, եթե Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբի 2-րդ թիմ ես: - «Ցյուրիխ-2-ում կա՞ն խաղացողներ, ովքեր համալրելու են գլխավոր թիմի կազմը: - Արդեն 2 խաղացողներ կան, որոնք տեղափոխվել են գլխավոր թիմ: Հույս ունեմ, որ ևս մի քանի խաղացողներ առաջիկա մեկ տարվա ընթացքում կհամալրեն «Ցյուրիխի» կազմը: - Ձեր հարազատ ակումբը` «Շիրակը, երկարատև ընդմիջումից հետո նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը… - Ես շատ ուրախ եմ, որ, վերջապես, Գյումրին ներկայացնող ակումբը կարողացավ դառնալ ուժեղագույնը Հայաստանում: Ուշադիր հետևել եմ Հայաստանի առաջնության ընթացքին: Չեմ ցանկանում վիրավորել մյուս մասնակիցներին, բայց «Շիրակն ապացուցեց, որ իրոք ուժեղագույնն է Հայաստանում: Այս հաղթանակը ակումբի, մարզչական շտաբի ճիշտ աշխատանքի արդյունքն է, որին նպաստեցին նաև գյումրեցի երկրպագուները: Շատ ուրախալի է, որ «Շիրակը կրկին իր բարձրության վրա է, իսկ շուտով մասնակցելու է Չեմպիոնների լիգային, որտեղ ես հաջողություն եմ մաղթում թիմին և հույս ունեմ, որ հաջողությունը կլինի «Շիրակի կողմը: - Խոսենք Հայաստանի հավաքականի մասին: Այժմ Հայաստանում անհամբերությամբ են սպասում 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերին: Առաջին մրցակիցը՝ Մալթան է, որն ընտրական այս խմբում միավոր չի վաստակել: Ըստ Ձեզ, նման մրցակիցների դեմ հանդիպումներում ի՞նչ պետք է անել, որպեսզի թերագնահատելու մասին խոսք չլինի: - Կարծում եմ, որ Հայաստանը Մալթային թերագնահատելու պատճառ չունի: Ինչու՞, որովհետև մրցաշարային աղյուսակում մենք հարևաններ ենք: Մալթան ոչ միավոր չունի, իսկ մենք վաստակել ենք ընդամենը 3 միավոր: Վստահ եմ, որ մեր տղաները շատ լավ գիտակցում են այդ ամենը: Մրցաշարային աղյուսակը թույլ չի տալիս կորցնել զգոնությունը… - Դիտե՞լ եք նախորդ տարի կայացած Մալթա-Հայաստան հանդիպումը: - Այո դիտել եմ և հիշում եմ, թե որքան դժվարությամբ տրվեց այդ հաղթանակը Հայաստանին: Այդ խաղն էլ փաստում է, որ Մալթան կարող է խնդիրներ ստեղծել: Երևանում նրանք ավելի փակ ֆուտբոլ են խաղալու և ավելի դժվար է լինելու գոլ խփելը: - Հունիսի 11-ին Հայաստանը հյուրընկալվելու է Դանիային: 1995թ. Դուք բավական գեղեցիկ գոլ խփեցիք Կոպենհագենում Դանիայի հետ կայացած խաղում, երբ մրցակցի դարպասը պաշտպանում էր հանրահայտ Պետր Շմեխելը: Դանիայի ներկայիս հավաքականը շա՞տ է տարբերվում 90-ականների թիմից: - Հաճելի է, որ չի մոռացվել իմ խփած գոլը… 90-ականներին Դանիայում կային ավելի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչու չէ` հնչեղ անուններ: Ներկայիս Դանիայի դեպքում՝ նույնը ասել չի կարելի, բայց թիմային խաղով այսօրա թիմն ավելի լավ տպավորություն է թողնում: Ամեն դեպքում, առայժմ պետք է կենտրոնանալ Մալթայի հետ խաղի վրա, երբ լուծենք այդ խնդիրը, ապա նոր կմտածենք Դանիայի մասին: Մալթային հաղթելու դեպքում՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի լավ վիճակում կմոտենան Դանիայի հետ խաղին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |