11:15 Անհնազանդ ԲՀԿ-ականները առյուծի բաժին կդառնան | |
Ինչպես և սպասվում էր, երեկ մի շարք ԲՀԿ-ականներ այդպես էլ դեմ չքվեարկեցին կառավարության ծրագրին՝ չնայած խմբակցության որոշմանը: Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը ամփոփիչ ելույթում հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: ԲՀԿ հիմնական գործարարները կամ բացակա էին, կամ ներկա լինելով նիստին՝ չմասնակցեցին քվեարկությանը: Այսպես՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով օրերս մասնակցեց Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քվեարկությանը և իր դիրքորոշումն արտահայտեց կողմ քվեարկելով, երեկ բացակայում էր: Բացակայում էին նաև ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակում 3-րդ համարը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, և Ռուստամ Գասպարյանը: Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, այս անգամ ևս դեմ չքվեարկեց, թեև գրանցվել էր: Դեմ չի քվեարկել նաև ԲՀԿ-ական հրազդանցի պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ում ազգական Մխիթար Հարությունյանը՝ Սպորտբազայի Մխոն, օրերս լքեց ԲՀԿ-ն: Կառավարության ծրագրին դեմ չի քվեարկել նաև ԲՀԿ-ական գործարար Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը: Փաստորեն, գործարար պատգամավորները պարբերաբար չեն կիսում խմբակցության տեսակետները: Հիշեցնենք, որ անցյալ տարի ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը ձեռնպահ էր քվեարկել կառավարության ծրագրին, չնայած ԲՀԿ-ն էլի դեմ էր: Երեկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք, թե խմբակցության դիրքորոշմանը անտարբեր գտնված գործարար պատգամավորները հնարավո՞ր է նկատողություն ստանան կամ ինչ-որ պատժի ենթարկվեն: «Մեր խմբակցությունում գործարար պատգամավորներ չկան: Մեր խմբակցությունում կան սեփականատեր պատգամավորներ, որոնք սեփականատեր են որոշ տնտեսվարող կազմակերպությունների, ինչն օրենքով արգելված չէ»,- հայտարարեց Ուրիխանյանը` հավելելով. «Երկրորդ՝ ովքեր ներկա էին դահլիճում, բոլորը քվեարկեցին համաձայն խմբակցության որոշման: Ովքեր ներկա չէին, դեռ կպարզաբանենք՝ ինչու ներկա չէին: Անհարգելի բացակայությունները կքննարկվեն, հարգելի բացակայությունները՝ բնականաբար՝ ոչ»: Մեր դիտարկմանը, թե փաստորեն գործարար պատգամավորներն են հենց բացակայել նիստից կամ նիստում գրանցված լինելով չեն մասնակցել քվեարկությանը, ԲՀԿ մամլո խոսնակը պնդեց. «Մեր խմբակցությունում գործարար պատգամավորներ չկան: Ընդամենը ներկա մի քանի հոգի չէին քվեարկել 36 հոգանոց խմբակցությունից: Ովքեր դահլիճում ներկա էին՝ քվեարկել են ճիշտ՝ համաձայն խմբակցության որոշման: Ովքեր ներկա չէին, նրանց բացակա լինելը կքննարկվի: Անհարգելիի դեպքում, բնականաբար, համապատասխան մոտեցում կլինի»: ԲՀԿ խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում քննարկմանը, որ պաշտպաներ խմբակցության որոշումը: «Գագիկ Ծառուկյանը ղեկավարում, կոորդինացնում է ԲՀԿ խմբակցության գործունեությունը»,- հայտարարեց Ուրիխանյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պնդում է, որ իրենք չունեն պատժամիջոցներ` անհնազանդ ԲՀԿ-ականների համար: «Չունենք պատժամիջոցներ սահմանված: Պատգամավորն ազատ է իր կամքն արտահայտելու: Չեմ կարծում, որ դա մեծ հանցանք է, որի համար մարդուն պիտի պատասխանատվության ենթարկել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Մարգարյանը: Մեր դիտարկմանը, թե ճիշտ չէ՞ր լինի, որ Գագիկ Ծառուկյանը գար և օրինակ ծառայեր մյուսների համար իր ընտրությամբ, Մարգարյանը պատասխանեց, թե Ծառուկյանը կառավարության ծրագրի քվեարկությանը չի մասնակցել «զբաղվածության պատճառով»: Մարինե Խառատյան Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_186190.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |