16:00 Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի ու վարչապետի փոխհարաբերությունների մասին | |
Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ Դաշնակցություն-վարչապետ Տիգրան Սարգսյան փոխհարաբերությունների կապակցությամբ, ինչի մասին բացեիբաց հայտարարել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Վերջին օրերի համատեքստում եղել է Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, դրան հաջորդել է Հանրապետության վարչապետի արձագանքը, Դուք երկու նյութերին էլ տիրապետում եք: Այսքանով բավարարվեք: Ձեր մեկնաբանությունները, վերլուծությունները քննարկեք այս երկու տեքստերի հիման վրա: Ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպումից հետո (հրավիրված «Հրաչ Մուրադյան» հասարակական շարժման ստեղծման առիթով) հայտարարեց Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարում կուսակցությանը, որ տեղեկատվական պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում: Նշենք նաև, որ ի պատասխան Հրանտ Մարգարյանի այս հայտարարությունների՝ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը նախ զարմանք էր հայտնել, ապա նշել, որ վարչապետը մեծ հարգանքով է վերաբերվում ավանդական կուսակցություններին, քանի որ դրանք ազգային հարստություն են: «Գիտե՞ք, նեղանալը ես այնքան էլ լավ չեմ հասկանում: Ես կրկնում եմ՝ այս կոնտեքստում ավելացնելու բան չունեմ»: Աղվան Վարդանյանը դաշնակցության ներկուսակցական խմորումների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ հնարավոր համարեց կուսակցության ղեկավար մարմիններում փոփոխությունները: «Իհարկե հնարավոր է, Դաշնակցությունը ապրող կենդանի կառույց է: Ի տարբերություն շատ ուժերի, կառույց է, որտեղ անընդհատ քննարկումներ են լինում, տեսակետների բախում է լինում: Մտքեր են առաջանում: Եվ այսօր մեզ համար իսկապես այդպիսի շրջան է»,- ասաց նա: Դաշնակցականն այս կոնտեքստում հավելեց, որ անկախ համապետական վերջին ընտրությունների իրենց գնահատականներից՝ կուսակցությունը խնդիրներ ունի. «Մենք երեք ընտրություններում այսօր ձախողել ենք և, բնական է, որ ներսում մենք քննարկում ենք՝ թողնե՞նք մի կողմ ընտրությունների բնույթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, բայց կարող է՝ միգուցե ինչ-որ մի բան մեզ մո՞տ էլ է սխալ, մենք թերացել ենք: Մենք քննարկումների մեջ ենք և սրանք առողջ քննարկումներ են»: Աղվան Վարդանյանը որպես ամփոփոփում առաջարկեց հանգիստ լինել և նկատեց, որ ո՛չ առաջին, ո՛չ վերջին օրն է, որ ուզում են իրենց ներսում պառակտումներ փնտրել:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |